Մերժվել է քրեական գործի հարուցումը վստահված անձի նկատմամբ բռնություն գործադրելու գործով

«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության փաստաբան Արա Ղարագյոզյանը այսօր բողոք է ներկայացրել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազին՝ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության  Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Ռ.Վարդանյանի կայացրած քրեական գործի հարուցումը մերժելու մասին 10.12.2015թ. որոշման դեմ:

Հիշեցնենք, որ թիվ 33 դպրոցում հանձնաժողովի անդամները վերցրել են վստահված անձ հանդիսացող Ռուբեն Ալանակյանի տեսախցիկը, իսկ ոստիկանության աշխատակիցները չեն միջամտել:

Դեպքի առիթով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր:

10.12.2016թ. Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Ռ.Վարդանյանը որոշում է կայացրել Ռուբեն Ալանակյանի՝ որպես վստահված անձի, լիազորությունները խոչընդոտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու և սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ կատարված ահազանգի կապակցությամբ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել` հանցակազմի բացակայության հիմքով:

Ավագ քննիչ Ռ.Վ.Վարդանյանը օրենքով նախատեսված կարգով 10.12.2015թ. քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը չի ուղարկել հաղորդում ներկայացրած Ռ. Ալանակյանին: Վերջինս նշված որոշումը ստանալու նպատակով դիմում է գրել ՀՀ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազին և 14.03.2016թ. միայն ստացել որոշումը:

Քննիչը թերի և մակերեսային քննություն է իրականացրել, չի հարցաքննել այն վկաներին, ովքեր եղել են դեպքի վայրում, բացատրություն  է վերցրել միայն այն անձանցից, ովքեր շահագրգռված են եղել: Արդյունքում չի իրականացվել օրենքով սահմանված և պարտադիր բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն:

ՀՀ Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի համաձայն՝ «Քաղաքացու ընտրական կամ հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը կամ ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելը, ինչպես նաև ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի կամ նախաձեռնող խմբի անդամի, թեկնածուի կամ նրա վստահված անձի, դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազորած անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` վեց ամսից մեկ տարի ժամկետով»:

Սույն գործի պարագայում, սակայն, ավելորդ է նաև օբյեկտիվության մասին խոսելը, քանի որ վարույթն իրականացնող մարմինը տեղի ունեցածը հիմնավորելու ուղղությամբ որևէ գործուն միջոց չի ձեռնարկել, այլ հիմնվելով միայն  շահագրգռված անձանց բացատրությունների վրա՝  որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին:

Համապատասխան տեսանյութերը կարող եք դիտել հետևյալ հղումներով՝ https://www.youtube.com/watch?v=_sM2QNLmLAk և https://www.youtube.com/watch?v=uwpWwK9osec

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *